Համաժողով A16
ԻՆՔՆԱԴԻՏԱՐԿՈՒՄ - ԻՆՔՆԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

Ինքնադիտարկումը ներքին առումով գործնական միջոց է արմատական փոխակերպման հասնելու համար։
Իմանալը և դիտելը տարբեր են։ Շատերը շփոթում են ինքնադիտարկումը իմանալու հետ։ Մենք գիտենք, որ նստած ենք աթոռին սրահում, սակայն դա չի նշանակում, որ մենք դիտում ենք աթոռը։
Մենք գիտենք, որ որոշակի պահի գտնվում ենք բացասական վիճակում, հնարավոր է որևէ խնդրով կամ անհանգստացած ենք այս կամ այն հարցով, կամ էլ անհանգստության կամ անորոշության վիճակում ենք, և այլն, բայց դա չի նշանակում, որ մենք դիտում ենք այն։
Դուք հակակրանք ունե՞ք որևէ մեկի նկատմամբ։ Ձեզ դուր չի՞ գալիս որոշակի անձ։ Ինչո՞ւ։ Դուք կասեք, որ ճանաչում եք այդ անձին... Խնդրում եմ՜, դիտարկեք նրան, ճանաչելը երբեք դիտարկել չէ. մի շփոթեք ճանաչելը դիտարկելու հետ...
Ինքնադիտարկումը, որը 100 տոկոսով ակտիվ է, հանդիսանում է ինքնափոփոխության միջոց, մինչդեռ իմացությունը, որը պասիվ է, այդպիսին չէ։ Իրականում իմանալը ուշադրության գործողություն չէ։ Ուշադրությունը՝ ուղղված դեպի մեր ներսը, դեպի այն, ինչ տեղի է ունենում մեր ներքին աշխարհում, դա իսկապես դրական, ակտիվ բան է...
Մի անձի դեպքում, ում հանդեպ հակակրանք ունենք, այնպես ուղղակի, որովհետև մեզ այդպես է հաճելի, և հաճախ առանց որևէ պատճառի, մենք նկատում ենք մտքերի բազմությունը, որոնք կուտակվում են մեր մտքում, ձայների խումբը, որոնք անկանոն կերպով խոսում և գոռում են մեր ներսում, այն ինչ ասում են, անհաճո հույզերը, որոնք առաջանում են մեր ներսում, անհաճո համը, որը այս ամենը թողնում է մեր հոգեկանի վրա և այլն։
Ակնհայտորեն, այդպիսի վիճակում մենք նաև գիտակցում ենք, որ ներքուստ շատ վատ ենք վերաբերվում այն անձին, ում հանդեպ հակակրանք ունենք։ Սակայն այս ամենը տեսնելու համար անվիճելիորեն անհրաժեշտ է ուշադրություն, որը դիտավորյալ կերպով ուղղված է դեպի ինքներս, այլ ոչ թե պասիվ ուշադրություն։
Դինամիկ ուշադրությունն իրականում գալիս է դիտող կողմից, մինչդեռ մտքերն ու զգացմունքները պատկանում են դիտարկվող կողմին: Այս ամենը մեզ օգնում է հասկանալ, որ իմացությունը լիովին պասիվ և մեխանիկական գործընթաց է՝ ի հակադրություն ինքնադիտարկման, որը գիտակցական գործողություն է:
Սրանով մենք չենք ցանկանում ասել, որ գոյություն չունի մեխանիկական ինքնադիտարկում, սակայն նման տեսակի դիտարկումը ոչ մի կապ չունի հոգեբանական ինքնադիտարկման հետ, որի մասին մենք խոսում ենք:
Մտածելը և դիտարկելը նույնպես շատ տարբեր են։ Ցանկացած անձ կարող է իրեն թույլ տալ մտածել իր մասին այնքան, որքան ցանկանում է, բայց սա չի նշանակում, որ նա իրոք դիտարկում է իրեն։
Մենք պետք է տեսնենք տարբեր «Ես»-երին գործողության մեջ, հայտնաբերենք դրանք մեր հոգեկանում, հասկանանք, որ նրանցից յուրաքանչյուրի մեջ գոյություն ունի մեր սեփական գիտակցության մի տոկոս, զղջանք, որ ստեղծել ենք դրանք և այլն։ Այդ ժամանակ մենք կբացականչենք․
  • «Բայց ի՞նչ է անում այս Ես-ը»
  • «Ի՞նչ է ասում»
  • «Ի՞նչ է ուզում»
  • «Ինչո՞ւ է ինձ տանջում իր ցանկասիրությամբ»,
  • «Իր զայրույթո՞վ», և այլն, և այլն, և այլն։
Այդ ժամանակ մենք կտեսնենք մեր ներսում այդ ամբողջ շարքը․
Մտքեր,
Հույզեր,
Ցանկություններ,
Կրքեր,
Անձնական կատակերգություններ,
Անձնական դրամաներ,
Մշակված ստեր,
Ճառեր,
Արդարացումներ,
Հիվանդագին մտքեր,
Հաճույքի անկողիններ,
Անառակության տեսարաններ և այլն:
Հաճախ, նախքան քնելը, արթնության և քնի միջև անցման ճիշտ պահին, մենք մեր սեփական մտքում զգում ենք տարբեր ձայներ, որոնք խոսում են միմյանց հետ։ Դրանք տարբեր Ես-երն են, որոնք այդ պահերին պետք է խզեն բոլոր կապերը մեր օրգանական մեքենայի տարբեր կենտրոնների հետ՝ հետագայում ընկղմվելու մոլեկուլային աշխարհում՝ «Հինգերորդ Չափողականությունում»։
ԵՐԿՈՒ ԱՇԽԱՐՀՆԵՐԸ
Դիտել և ինքնադիտել երկու բոլորովին տարբեր բաներ են, սակայն երկուսն էլ պահանջում են ուշադրություն: Դիտարկման ժամանակ ուշադրությունն ուղղված է դուրս՝ դեպի արտաքին աշխարհ, զգայարանների պատուհանների միջոցով: Ինքնադիտարկման ժամանակ ուշադրությունն ուղղված է ներս, և դրա համար արտաքին ընկալման զգայարանները չեն ծառայում, որը բավարար պատճառ է, որ նորեկի համար դժվար լինի դիտարկել իր ներքին հոգեբանական գործընթացները:
Պաշտոնական գիտության մեկնարկային կետը գործնական կողմից դիտարկելին է։
Ինքնաճանաչման աշխատանքի մեկնարկային կետը ինքնադիտարկումն է, ինքնադիտարկելին։
Անկասկած, վերոնշյալ երկու մեկնարկային կետերը մեզ տանում են բոլորովին տարբեր ուղղություններով։
Ոմն կարող է ծերանալ՝ տարածվելով պաշտոնական գիտության անզիջում դոգմաների միջև, ուսումնասիրելով արտաքին երևույթներ, դիտելով բջիջներ, ատոմներ, մոլեկուլներ, արևներ, աստղեր, գիսավորներ և այլն, առանց իր մեջ որևէ արմատական փոփոխություն զգալու։
Ներքին փոխակերպում առաջացնող գիտելիքի տեսակը երբեք հնարավոր չէ ձեռք բերել արտաքին դիտարկման միջոցով։
Իսկական գիտելիքը, որն իրապես կարող է մեր մեջ հիմնարար ներքին փոփոխություն առաջացնել, հիմնված է ինքնադիտարկման ուղղակի մեթոդի վրա։
Անհրաժեշտ է ասել մեր ուսանողներին, որ նրանք դիտարկեն իրենք իրենց, ինչպես նաև բացատրել, թե ինչ իմաստով պետք է ինքնադիտարկում կատարեն և դրա պատճառները։
Դիտարկումը միջոց է աշխարհի մեխանիկական պայմանները փոփոխելու համար։ Իսկ ներքին ինքնադիտարկումը միջոց է ներքնապես փոխվելու համար։
Որպես այս ամենի հետևանք կամ եզրակացություն, մենք կարող ենք և պետք է կտրականապես հաստատենք, որ գոյություն ունեն գիտելիքի երկու տեսակ՝ արտաքին և ներքին, և որ եթե մենք չունենանք մեր մեջ մագնիսական կենտրոն, որը կարող է տարբերակել գիտելիքի որակները, այս երկու հարթությունների կամ գաղափարների կարգերի խառնուրդը կարող է մեզ շփոթության մեջ գցել:
Գերազանց կեղծ-էզոտերիկ վարդապետությունները՝ արտահայտված գիտական հիմքով, պատկանում են դիտարկելի տիրույթին, այնուամենայնիվ, դրանք ընդունվում են շատ ձգտողների կողմից որպես ներքին գիտելիք։
Հետեւաբար մենք առերեսվում ենք երկու աշխարհների՝ արտաքին եւ ներքին։ Առաջինը ընկալվում է արտաքին ընկալման զգայարանների միջոցով, երկրորդը կարող է ընկալելի լինել միայն ներքին ինքնադիտարկման զգացողության միջոցով։ Մտքերը, գաղափարները, հույզերը, ցանկությունները, հույսերը, հիասթափությունները և այլն ներքին են, անտեսանելի սովորական զգայարանների համար, սակայն մեզ համար դրանք ավելի իրական են, քան ճաշասենյակի սեղանը կամ հյուրասենյակի բազկաթոռները։
Անկասկած մենք ավելի շատ ապրում ենք մեր ներքին աշխարհում, քան արտաքինում։ Սա անհերքելի է, անվիճելի։
Մեր ներքին աշխարհներում, մեր գաղտնի աշխարհում,
սիրում ենք,
ցանկանում ենք,
կասկածում ենք,
օրհնում ենք,
անիծում ենք,
ձգտում ենք,
տառապում ենք,
վայելում ենք,
խաբվում ենք,
պարգևատրվում ենք և այլն:
Անկասկած, ներքին և արտաքին երկու աշխարհները փորձնականորեն ստուգելի են։ Արտաքին աշխարհը դիտարկելի է։ Ներքին աշխարհը ինքնադիտարկելի է ինքնին և ինքն իր մեջ, այստեղ և հիմա։
Ներքին աշխարհ
Արտաքին աշխարհ
Ով իսկապես ցանկանում է ճանաչել Երկիր մոլորակի, Արեգակնային համակարգի կամ այն Գալակտիկայի «Ներքին աշխարհները», որում մենք ապրում ենք, նախապես պետք է ճանաչի իր ներքին աշխարհը, իր անձնական ներքին կյանքը, իր սեփական «Ներքին աշխարհները»։ «Մարդ, ճանաչիր ինքդ քեզ, և դու կճանաչես Տիեզերքն ու Աստվածներին»։ Որքան ավելի շատ ես հետազոտում այս «Ներքին աշխարհը», որը կոչվում է «Ինքդ քեզ», այնքան ավելի շատ ես հասկանում, որ միաժամանակ ապրում ես երկու աշխարհներում, երկու իրականություններում, երկու ոլորտներում՝ արտաքին և ներքին։
Այնպես, ինչպես մեզ համար անհրաժեշտ է սովորել քայլել «արտաքին աշխարհում»՝ անդունդ չընկնելու, քաղաքի փողոցներում չմոլորվելու, ընկերներ ընտրելու, չարիքի հետ չշփվելու, թույն չուտելու և այլնի համար, այնպես էլ ինքներս մեզ վրա Հոգեբանական Աշխատանքի միջոցով սովորում ենք քայլել «Ներքին Աշխարհում», որը հետազոտելի է ինքնադիտարկման միջոցով։
Իսկապես, ինքնադիտարկման զգացողությունը ատրոֆիայի է ենթարկվել մարդկային անկյալ ռասայի մեջ այս մութ դարաշրջանում, որում մենք ապրում ենք։ Մինչ մենք շարունակում ենք ինքնադիտարկման մեջ, ներքին ինքնադիտարկման զգացողությունը աստիճանաբար կզարգանա։